Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի օրն առաջին անգամ արձագանքել է համաշխարհային սկանդալին, որը սկսվել էր կրծքի անորակ և առողջության համար վտանգավոր իմպլանտների պատճառով։ Կազմակերպությունը կոչ է արել, որ այն կանայք, ովքեր իմպլանտներ ունեն, կասկած ունենալու դեպքում անհապաղ դիմեն բժշկական խորհրդատվության:
Ինչպես հաղորդում է AFP-ն, ՄԱԿ-ի առողջապահության գործակալությունն ասել է, որ այն կանայք, ովքեր ունեն PIP կամ M-Implant իմպլանտներ, պետք է խորհրդակցեն իրենց բժիշկների հետ, եթե կասկածում են, որ իմպլանտը կարող է պատռված լինել, կամ ցավեր, գրգռվածություն և այլ անհանգստութուններ ունեն:
ԱՀԿ-ն նման առաջարկով հանդես է եկել իր կայքում՝ Global Alert and Response հայտարարության մեջ:
Նշենք, որ, ըստ որոշ աղբյուրների, 65 երկրներում ավելի քան 300.000 կանայք վիրահատվել են PIP իմպլանտներով: Ֆրանսիական այդ ընկերությունն այժմ սնանկ է և այլևս չի գործում:
Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի կառավարությունները կանանց կոչ են արել հեռացնել իմպլանտները, իսկ Բրիտանիան միայն խորհուրդ է տվել անհանգստություն ունենալու դեպքում դիմել բժիշկներին: