Ցմահ դատապարտյալների գործերը պետք է վերանայվեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` խոսելով ցմահ դատապարտյալների բողոքների շուրջ: Հիշեցնենք, որ երեկ Զարուհի Փոստանջյանը կարճ ձևակերպած հիմնավորում էր ներկայացրել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտին`ցմահ դատապարտյալների խնդիրների վերաբերյալ: Նշենք, որ ցմահ դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց որոշումները:
«Այն մարմինը, որը մոնիտորինգ է իրականացնում, պարտավոր էր տեղեկացված լինել, թե ինչ է կատարվում այդ դաշտում, այդ պատճառով ներկայացրել եմ այդ փաստաթուղթը: Ակնկալիքները կլինեն այն ժամանակ, երբ աղմուկը և պահանջը բավականին լուրջ ձևակերպված կլինեն, այլ ոչ թե մեկ-երկու օրվա միջոցառումների տեսքով: Ցմահ դատապարտյալների գործերն առնվազն պետք է նորից վերանայվեն»,- ամփոփեց Զ. Փոստանջյանը:
Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող մոտ 20 ցմահ դատապարտյալներ հացադուլ պետք է հայտարարեին, սակայն ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, դատապարտյալները հացադուլ չեն հայտարարել: