Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր գործունեության հարցը վերջին շրջանում թուրքական և ադրբեջանական մամուլի կիզակետում է: Թեև Ադրբեջանի ռազմական դոկտրինայով նախատեսվում է, որ Ադրբեջանի տարածքում կարող են տեղակայվել օտար երկրների ցամաքային, ռազմաօդային և հետախուզական ռազմական բազաներ, սակայն հայկական կողմը խորհուրդ է տալիս հաշվի առնել մեկ այլ կարևոր հանգամանք. որքան էլ որ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված լինեն Նախիջևանի ռազմաբազայի գոյությամբ, հատկապես Թուրքիան պարտավոր է հաշվի նստել տարածաշրջանային մյուս խաղացողների՝ մասնավորապես Ռուսաստանի և Իրանի հետ: «Չեմ կարծում, որ այդ երկրները նման փաստի հնարավորությունը առնվազն չեզոք կգնահատեն: Այդ իսկ պատճառով ռազմաբազայի գոյությունն այսօր այդքան էլ իրատեսական չեմ համարում»,- նշում է քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ, թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Փորձագետի համոզմամբ, ֆորմալ առումով Նախիջևանում այսօր էլ առկա է թուրքական ռազմաքաղաքական ներկայությունը և բավականին ակտիվ ներկայությունը, սակայն սա միայն ֆորմալ առումով: