Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի խորհրդարանի վավերացրած թուրք-ադրբեջանական ռազմավարական գործընկերության համաձայնագիրը խիստ հետաքրքրություն է առաջացել տարբեր փորձագիտական շրջանակներում: Հայաստանյան փորձագետների շրջանում համաձայնագիրը որակվեց որպես ռազմավարական գործընկերության մի փաստաթուղթ, որն արդեն փաստացի հաստատում է թուրք-ադրբեջանական երկկողմ ռազմական դաշինքի ձևավորումը: Իսկ ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել այս համաձայնագիրը Հայաստանի համար և ի՞նչ առավելություն կտա Ադրբեջանին: Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ, թուրքագետ Լևոն Հովսեփյանը համաձայնագրում կարևորում է այն հանգամանքը, որ եթե ստորագրող կողմերից մեկը ենթարկվի երրորդ երկրի կողմից ռազմական ագրեսիայի կամ գտնվի սպառնալիքի տակ, ապա կողմերը փոխադարձ` ներառյալ ռազմական միջոցներով աջակցություն կտրամադրեն միմյանց: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի դիտարկմամբ, ռազմաքաղաքական տեսակետից սա Ռուսաստանի դիրքերի որոշակի թուլացում է ենթադրում, քանի որ այլ կերպ հնարավոր չէ հասկանալ Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ նման համաձայնագիր ստորագրելու համարձակությունը: Ինչ վերաբերում է ռազմական ասպեկտներին, հայ փորձագետների համոզմամբ, սա նշանակում է, որ զինվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան, այն էլ՝ աննկարագրելի տեմպերով: ՊՆ Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը խորհուրդ է տալիս այս պարագայում առավել զգոն լինել, քանի որ համաձայնագիրը փոխելու է տարածաշրջանի ուժերի հաշվեկշիռը: