ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի հաղորդմամբ` 2011 թվականի տափօղակով հոկեյի 3-րդ խմբի աշխարհի առաջնության մրցաշարում հայտնի են դարձել Հայաստանի և Հարավային Աֆրիկայի հավաքականների մյուս երկու մրցակիցները: Դրանք են՝ Թուրքիայի եւ Իսրայելի թիմերը: Այս երկրների հոկեյի ազգային հավաքականներն անհաջողության էին մատնվել 2-րդ խմբի մրցաշարում եւ տեղափոխվել էին 3-րդ խումբ: Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանի խոսքերով, Թուրքիայի եւ Իսրայելի թիմերի խաղամակարդակն առանձնապես չի տարբերվում Հայաստանի թիմի մակարդակից: «Մեր հոկեյիստների խումբը բացարձակ ֆավորիտ չունի, եւ բոլոր մրցակիցներին էլ հնարավոր է հաղթել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ առաջնությունը տեղի կունենա ապրիլին Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում: