Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը Արևելյան գործընկերության հայ ազգային պլատֆորմը համարում է հայկական և սփյուռքյան գործընկերության հաստատման համար կարևոր քայլ: «Արևելյան գործընկերության շրջանակներում սփյուռքյան ներուժը կարող է ավելի մեծ դեր խաղալ, քան մինչ այժմ հնարավոր էր պատկերացնել»,-համոզված է գերմանահայ խորհրդի նախագահը: Թեև Հայաստանի և Գերմանիայի հայության միջև կան բնավորությունների և ապրելակերպի տարբերություններ, համատեղ գործունեությունը` քաղաքացիական հասարակության կառույցների միջև, Օրդուխանյանի կարծիքով, կտա բեղմնավոր աշխատանք:
Նշենք, որ գերմանահայ համայնքը բաղկացած է շուրջ 60 հազար քրիստոնյա հայերից` չհաշված տասնակ հազարավոր այն իսլմացած հայերը, ովքեր սկսել են վերադառնալ արմատներին: Գերմանիայում այսօր գործում են շուրջ 40 հայկական համայնքներ, միավորումներ ու կազմակերպություններ, իսկ գերմանական համալսարաններում սովորում են ավելի քան 3000 հայ ուսանողներ և ասպիրանտներ: