Հայաստանի արտահանման ռեսուրսային կախվածությունը գնալով աճում է: Այս մասին ասված է օրերս «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի հրապարակած Հայաստանի ազգային մրցունակության երրորդ զեկույցում: Ռեսուրսաինտենսիվ ապրանքների տեսակարար կշիռը արտահանման կառուցվածքում 2007 թվականի 61 տոկոսից 2008 թվականին կազմել է 65 տոկոս, իսկ 2009 թվականին` 73 տոկոս: «Սա համեմատվող երկրների շարքում աճի ամենաբարձր ցուցանիշներից է, ինչը ենթադրում է, որ նվազել է Հայաստանի տնտեսության մյուս ճյուղերի մրցունակությունը համաշխարհային շուկաներում ճգնաժամի ժամանակաշրջանում: Սա նաև վկայում է Հայաստանի արտահանման ճյուղերում բարձր ավելացված արժեքի ստեղծման սահմանափակության մասին, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս»,- նշված է զեկույցում: