Երեկ Թուրքիայում պաշտոնական հանդիպումներից հետո Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ նա կողջունի, եթե «Թալիբան» շարժումը գրասենյակ ունենա Թուրքիայում, և որ այսպիսի քայլը կարող է օգնել խաղաղության հաստատմանն իր երկրում: Այս մասին հաղորդում է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը:
Աֆղանստանի նախագահը հաստատել է, որ քննարկվել է Թուրքիայում «Թալիբանի» գրասենյակ բացելու հնարավորությունը, ինչը թույլ կտա Թուրքիային միջնորդի դեր խաղալ այդ կազմակերպության հետ բանակցություններ սկսելու համար: «Եթե Թուրքիան կարողանա ապահովել նրանց գրասենյակով, Աֆղանստանի կառավարությունը շնորհակալ և երջանիկ կլինի Թուրքիայի այդպիսի միջնորդական դերակատարության համար»,- ասել է Քարզայը:
Քարզային այս հարցն ուղղել են այն բանից հետո, երբ «Թալիբանի» դեսպանը Պակիստանում անցած շաբաթ հայտարարել էր, որ «Թալիբանը» պատրաստվում է ներկայացուցչություն բացել չեզոք մի երկրում` խաղաղության բանակցություններին զարկ տալու համար, որ այդպիսի երկիր կարող է լինել Արաբական Միացյալ Էմիրությունները:
Սակայն Քարզայի հայտարարությունից կարելի է հասկանալ, որ դիտարկվում է նաև Թուրքիայի տարբերակը: