Հունվարի 16-ին և 17-ին Հայաստան են ժամանում Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, ավելի ճիշտ նրանցից մեկը՝ Ջոն Պրեսկոտը, որովհետև Աքսել Ֆիշերը հավանաբար առողջական խնդիրների պատճառով չգա Երևան: Երևի թե Պրեսկոտն էլ ուրախ կլիներ իզուր չհոգնել երևանյան ճանապարհորդության վրա, եթե Ֆիշերն առաջինը «չհիվանդանար»: Դե ընդհանրապես ոչ մեկի չգալը այդքան էլ հարմար չէր ստացվի: Բայց որ ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները արդեն երևի թե կարգին ձանձրացել են Հայաստանի հարցից, երևի թե հաստատ է:
Բանն այն է, որ ներկայումս նրանց գնալ-գալն ըստ էության իմաստ չունի, որովհետև Հայաստանում ստեղծվել է քաղաքական մի իրավիճակ, երբ ԵԽԽՎ-ն ընդհանրապես անելիք չունի: Միգուցե մայիսի 6-ի ընտրությունից հետո իրավիճակը փոխվի, բայց այդ դեպքում համանախագահները թող գան մայիսից հետո և մինչ այդ իզուր ուշադրություն չշեղեն: Ի՞նչ են անելու նրանք Հայաստանում: Ի՞նչ են արել նրանք այսքան ժամանակ: Իհարկե, միգուցե այն, որ Հայաստանում 2008 թվականի հետընտրական կրքերը հանդարտվել են և լարվածությունը թուլացել է, նաև համազեկուցողների և ԵԽԽՎ աշխատանքի արդյունք է, սակայն իրականում, երբ մենք հետևում ենք այն խնդիրներին, որ կան խորհրդարանի ընտրությունից առաջ, ապա տեսնում ենք, որ իրականում Հայաստանի քաղաքական կյանքը ոչ թե ականազերծվել է, այլ ընդամենը որոշ ականների տեղեր են մատնանշվել, ընդ որում` ոչ բոլորինը: Այսինքն` Հայաստանն իրականում ցանկացած պահի կարող է կրկին ելնել ականի վրա, ու չկա երաշխիք, որ այդ բանը տեղի չի ունենա:
Հայաստանում էլ համազեկուցողներին առանձնապես կարծես թե չեն սպասում: Նրանց այցի ծրագրում անգամ հանդիպում չկա Սերժ Սարգսյանի հետ: Իսկ հասարակությունն էլ արդեն վաղուց դադարել է հետաքրքրվել Հայաստան-ԵԽԽՎ անցուդարձով: Այ, հենց սրանով երևի թե պետք է մտահոգված լինեն ԵԽԽՎ-ում և մտածեն այդ հարցի մասին, թե ինչպես ստացվեց, ումով ստացվեց և երբ ստացվեց, որ Հայաստանի հասարակությունը դադարեց հետաքրքրվել, և կարելի է ասել` նույնիսկ մոռացավ ԵԽԽՎ-ի մասին, որպես ժողովրդավարական այն մեծ ընտանիքի, որին անդամակցումը Հայաստանի հասարակությանը մեծ հույսեր էր ներշնչել երկրում փոփոխություններ արձանագրելու առումով:
Եթե ԵԽԽՎ-ն ունակ է ինչ-որ խնդիրներ լուծել, ապա երևի թե ավելի կարևոր է զբաղվել դրանով, իսկ Հայաստանի ներքին խնդիրներով կզբաղվի Հայաստանի հասարակությունը, և երևի թե ԵԽԽՎ-ից ոչ ավելի վատ: Եվ այստեղ բացարձակապես հեգնանք կամ ծաղր չկա, ու պետք էլ չի փնտրել: Այստեղ իսկապես կա լուրջ խնդիր, որովհետև ԵԽԽՎ-ն կարևոր կառույց է, և լուրջ է, երբ այդ կարևոր կառույցը իր անդամ երկրներից մեկում այդքան անկարևոր է դառնում երկրի քաղաքացիական հասարակության համար: Պետք է համարձակվել ճշմարտության երեսին նայել և մտածել այդ խնդրի մասին, որի պատճառները երևի թե ավելի շատ ԵԽԽՎ-ում են, քան Հայաստանում:










































