«ՀԺ»-ն գրում է, որ 2012թ հունվարի 1-ից Երևանի կենտրոնական (փակ) շուկան փակ է:
«Այս նախաձեռնության հեղինակն է շուկայի սեփականատեր, ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Խոսակցություններ կային, որ շուկայի տեղում բացվելու է «Երևան Սիթի»-ի նոր մասնաճյուղ: Ներկայումս շուկայի ներսում քանդման, փորման աշխատանքներ են տարվում. շենքի կենտրոնում հսկայական փոս է փորվել»:
Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալությունից թերթին հայտնել են, որ Փակ շուկայի շենքն ունի հանրապետական նշանակություն և գրանցված է պետության կողմից գրանցված հուշարձանների ցանկում: Նույն հաստատությունից տեղեկացրել են նաև, որ շուկայի շենքում աշխատանքներ իրականացնողի կողմից իրենց է ներկայացվել նախագիծ` շենքի հետագա շահագործման վերաբերյալ: Նախագիծը, ըստ կարգի, պիտի քննարկվի մասնագիտական խորհրդի նիստում և արվի համապատասխան եզրակացություն, որից հետո, ինչպես տեղեկացել է թերթը Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից, սույն նախագիծը եզրակացությամբ պետք է անցնի քաղաքաշինական խորհրդի քննարկմանը` պարզելու համար, թե ինչքանով է արդարացված և նպատակահարմար դրա իրականացումը:
«Ստացվում է, որ Սամվել Ալեքսանյանն այստեղ շինարարական աշխատանքներ է իրականացնում առանց հաստատված նախագծի: Այս տեսակետին, սակայն, նա համամիտ չէ, որովհետև մեզ հետ զրույցում հավաստիացրեց, թե առայժմ կատարվում են միայն մաքրման աշխատանքներ, իսկ վերականգնման աշխատանքները կսկսվեն միայն նախագծի հաստատումից հետո: Նրա խոսքով` «Ոչ մի քար իր տեղից չի շարժվի առանց Խորհրդի մասնագետների գիտության և վերահսկողության»:
Ալեքսանյանը հերքել է տեղեկությունն այն մասին, որ շուկայի շենքում բացվելու է «Երևան Սիթի»-ի նոր մասնաճյուղ: Ըստ նրա` պահպանվելու է շենքի նախկին գործունեության տեսակը, այսինքն` պիտի մնա որպես շուկա` ավելի նորացված և վերակառուցված տեսքով: