Կոմիտասի անվան պանթեոնի հարեւանությամբ գտնվող տարածքում դելֆինարիում կառուցելու դեմ բողոքող ու հացադուլ հայտարարած երգիչ, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը, դադարեցնելով հացադուլը, հայտարարել էր, թե մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այցելելով իրեն, հավաստիացրել է, որ օրերս այգին սեփականաշնորհումից հետ վերցնելու որոշում է կայացվելու, այն կմաքրվի, պարիսպ կքաշվի եւ կդառնա պատմամշակութային համալիր: Այնինչ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը նշեց, որ նախարարը հանդիպել է Թաթիկյանին եւ ասել, թե Պանթեոնի հարակից տարածքը քաղաքապետարանը հետ է վերցրել, եւ Պանթեոնի հարակից տարածքում գարնանը տեղի է ունենալու կանաչապատում: Դադարեցնելով հացադուլը` Թաթիկյանը վստահեցրել էր, թե գիշերը իրեն այցելել են նաեւ քաղաքապետարանի աշխատակիցները եւ սկսել ժամանակավոր պարիսպ կառուցելու աշխատանքները, ինչն էլ նրան վստահություն է ներշնչել, որ իր պայքարն արդյունք է տվել: Այնինչ քաղաքապետրանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անժելա Մարտիրոսյանը նշեց, որ որեւէ այգի Երեւան քաղաքում սեփականաշնորհման ենթակա չէ: Դրանք տրված են վարձակալության եւ երբեք չեն սեփականաշնորհվում: Իսկ դելֆինարիումի կառուցման աշխատանքները շարունակվում են: