«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ «Արայ» ընկերության սեփականատիրոջ մահվան գործով նշանակված բոլոր փորձաքննությունների եզրակացությունները պատրաստ են, ըստ որի՝ նախաքննական մարմինը հիմնավորված է համարել ինքնասպանության վարկածը։ Այդ մասին տեղեկացրին ոստիկանության լրատվական վարչությունից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Արմեն Պետրոսյանի դիակը՝ աջ քունքի հրազենային վնասվածքով, գտել էին իր «BMW X-5» մեքենայի մեջ, Սևան-Երևան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին։ Նախնական վարկածով ևս նշվում էր, որ Պետրոսյանն ինքնասպան է եղել, որը, սակայն, ըստ մամուլի հրապարակումների, ամենաանհավանական վարկածն էր, քանի որ դեպքի վայրը բոլորովին այլ ու հաստատ ոչ ինքնասպանության մասին եր վկայում։ Մասնավորապես, ատրճանակից քունքին կրակելու հետևանքով արյան հետքերը հայտնվել էին հետևի նստատեղին, ինչը գործնականում հնարավոր չէ, կամ, որոշ մասնագետների խոսքով, ինքնասպանության դեպքում ատրճանակը ձեռքում չէր կարող մնալ՝ այն էլ ծնկին հանգիստ դրված։
Դեպքից հետո՝ նախաքննության ընթացքում, նշանակվեց նաև դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն, որով փորձ էր արվում պարզել՝ Արմեն Պետրոսյանը հոգեկանի հետ կապված խնդիրներ ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Չնայած մահվան պատճառը հաստատվել է, այնուամենայնիվ, ըստ ոստիկանության լրատվականի, նախաքննությունը դեռևս շարունակվում է։