Արդեն մի քանի տարի է, ինչ դպրոցներն անցել են աշակերտի թվով ֆինանսավորման, և սրանով էլ սկիզբ է դրվել աշակերտների «հայթայթման»՝ բոլորիս քաջ ծանոթ գործընթացին: Սա, ինչպես վկայում են տարբեր դպրոցների ուսուցիչներ, արվում է ամեն գնով` սովորել չցանկացող աշակերտներին դպրոց բերելով, հարևան դպրոցներին պախարակելով, իրենց գովելով, հնարավոր ու անհնար խոստումներով, գնահատականներ շռայլելով և զանազան այլ միջոցներով. մի խոսքով` ով ինչպես կարող է: Իսկ արդյո՞ք այս պայմաններում հնարավոր է ավագ դպրոցի առաջընթացը: «Ասում ենք` դիմենք նախարարությանը, ապացուցենք, որ փոխեն ֆինանսավորումը, պակասեցնեն աշակերտների թվաքանակը դասարանում, ապացուցենք դրա վնասակար ազդեցությունը դպրոցի զարգացման վրա, իսկ մեզ ասում են` մի տրտնջացեք, մի բողոքեք, բողոքող ուսուցիչը լավը լինել չի կարող», – ասում է Երևանի թիվ 162 դպրոցի ուսուցիչներից մեկը:
Նրա և ոլորտի շատ այլ մասնագետների համոզմամբ` ավագ դպրոցի առավելությունները տեսանելի կլինեն այն ժամանակ, երբ դադարենք աշակերտ հավաքագրել: Այսինքն` լինի մրցույթ, աշակերտը պայքարի ավագ դպրոցի իր նախընտրած հոսքում սովորելու համար: Այս դեպքում կշահի որակը, ոչ թե քանակը: Իսկ այժմ ավագ դպրոցի ուսուցիչները համոզում, հորդորում և դպրոց են բերում աշակերտների, որոնք չեն էլ ուզում շարունակել ուսումը, քանի որ այդ քանակից է կախված ուսուցիչների ժամաքանակը և աշխատավարձը: Եվ հենց այստեղ էլ առաջանում է ընդհանուր հոսքը, որի գոյությունը 11-րդ և 12-րդ դասարաններում, մեղմ ասած, անհասկանալի է: Չէ՞ որ փոքր-ինչ անտրամաբանական է, որ 12-րդ դասարանում սովորող աշակերտը, որը հաջորդ ուսումնական տարում պատրաստվում է ուսանող դառնալ, դեռևս կողմնորոշված չլինի, թե ինչ է ուզում: