Եգիպտոսի ռազմական ղեկավարը հունվարի 25-ը հայտարարել է ազգային տոն` նշելու համար ապստամբության սկիզբը, որի արդյունքում իշխանությունից հեռացվեց Հոսնի Մուբարաքը:
Հազարավոր եգիպտացիներ անցած տարի հունվարի 25-ին դուրս էին եկել ցույցի` պահանջելով Մուբարաքի գրեթե 30-ամյա իշխանության ավարտը, ինչպես նաև՝ բարեփոխումներ, ազատություններ և կաշառակերության վերացում:
Ինչպես գրում է The Washington post-ը, պետական լրատվամիջոցն այսօր հայտնել է այս որոշման մասին, որը կայացրել է ֆելդմարշալ Հուսեյն Թանթավին, ում ռազմական խորհուրդն իշխանության գլուխ է անցել 18-օրյա ապստամբությունից հետո:
Ակտիվիստները կոչ են անում նոր ցուցեր սկսել հունվարի 25-ին, այս անգամ ռազմական առաջնորդների դեմ` նրանց մեղադրելով Մուբարաքի ռեպրեսիվ ռազմավարությունը շարունակելու մեջ:











































