Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրքական ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հարցազրույց է տվել իտալական Limes պարբերականին, որում անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության խնդիրներին.
«Թուրքիան ցանկանում է վերածվել գլոբալ դերակատարի։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից Թուրքիան կարևոր դեր է խաղում։ Բացի այդ, Թուրքիան կարող է իր ներդրումն ունենալ տարածաշրջանի խնդիրների հարթման, մարդու իրավունքների ու ժողովրդավարության զարգացման մեջ։ Սակայն ներկայիս Թուրքիայում ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան դժվարություններ է կրում տարածաշրջանում առկա լարվածությունից։
Մենք կտրուկ հակասությունների մեջ ենք Սիրիայի հետ, նույնը վերաբերում է Իսրայելին։ Մեզ անհանգստացնում են Ադրբեջանի հետ կապերը և Հայաստանի հետ սահմանային խնդիրները։ Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ուղղորդում են մեծ ուժերը, որոնց տակ նկատի ունեմ ոչ միայն ԱՄՆ-ը, այլև՝ մի շարք եվրոպական երկրները։ Մերձավորարևելյան տարածաշրջանը հարուստ է էներգակիրներով. մեծ ուժերը Թուրքիան օգտագործում են այդ տարածաշրջանում իրենց ազդեցությունը տարածելու համար։
Մենք դեմ ենք դրան և ցանկանում ենք, որ տարածաշրջանը զարգացում ապրի մարդու իրավունքների ու ժողովրդավարության տեսանկյունից։ Սխալ է այդ արժեքները տարածաշրջան բերելու համար պայքար մղելը։ Դրա վառ օրինակը Իրաքն է, ուր ժողովրդավարության զարգացման փոխարեն երկիրը մասնատվեց։ Այժմ այդ մեթոդը ցանկանում են կիրառել այլ երկրների դեմ։
Տարածաշրջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների ու անկախության տարածման համար պետք է օգտվել տարբեր ճանապարհներից։ Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանի ժողովուրդների միջև կապերը»։










































