Պետությունը որոշակի գումարի չափով օժանդակում է թատրոնի ներկայացումներին: Ընդհանրապես, պետական օժանդակություն թատրոնն ստանում է, բայց անցած տարի չի ստացել նոր բեմադրությունների համար, սակայն փառատոների մասնակցելու համար եղել է պետական աջակցություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով թատրոնին պետական օժանդակություն տրամադրելու հարցին:
Նրա խոսքով` այդ հանգամանքը չի խանգարել, որ 2011 թ. թատրոնը 5 ներկայացում բեմադրի, որոնցից մեկը`Պետրոս Մարտիրոսյանի «Թզուկի երգը», հիմնովին նորացվել է, չորսը նոր ներկայացումներ են՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Թևավորը», Աննա Մարիի «Հոգու կանչը», Ստեփան Լիսիցյանի «Աբու-Հասանի մաշիկները», Դերենիկ Մարտիրոսյանի «Նոր տարվա հրաշքը»:
Ինչ վերաբերում է 2012 թ. անելիքներին, ապա Ռ. Բաբայանը նշեց, որ մի քանի ներկայացման վրա աշխատանքներն սկսված են:
«Պատրաստվում են բեմադրության Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում», Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը» ներկայացումները»,- ասաց Ռ. Բաբայանը` հայտնելով, որ մի քանի գործի վրա էլ աշխատանքներ տարվում են, սակայն դրա մասին դեռ վաղ է խոսելը:











































