Երիտասարդի սեռական կյանքին վերաբերող խոսացությունները Հայաստանում նույնիսկ 21-րդ դարում ամոթալի են համարվում, և մինչ մեր երիտասարդի ուսին դրված «կույս մնալու» բեռը շարունակում է ուղեկցել «չարչարվող» զույգերին, նրանց մեջ օր-օրի զարգանում են տարատեսակ հիվանդություններն ու ֆիզիոլոգիական խատումները, որոնք, սակայն, իրենց զգացնել են տալիս արդեն ոչ միայն ամուսնական կյանքում: Հայ սեքսոլոգների ասոցիացիայի անդամ Արամ Հակոբյանի կարծիքով, վերջին 20 տարիների ընթացքում հայ երիտասարդի սեռական կյանքը փոխվել է ավելի շատ հոգեսեռական, քան մարմնասեռական առումով: Այսինքն, այսօր մարդիկ գաղափարապես կողմնակից են ազատ սեռական կյանքին, սակայն իրական կյանքում դրա դրսևրումը կամ համարձակների մոտ է, կամ ծպտված «համեստների»:
Սակայն, միևնույն ժամանակ, եթե 20 տարի առաջ հայկական մեզ հայտնի ավանդույթները ստիպում էին հայ երիտասարդության գոնե 90 տոկոսին դեմ կանգնել անձնական ցանկություններին, այսօր այս 90 տոկոսը չափազանց կասկածելի տվյալ է:
«Գուցե այդ փոփոխություններն այդքան էլ չեն նկատվում, քանի որ ավանդույթներն էլ չեն փոխվել և դժվար թե երբևէ փոխվեն, սակայն փոխվել են վարքի տարբեր դրսևրումները, և դա անհերքելի է»,- ասում է պրոֆեսոր Հակոբյանը: Հաստատուն թվական տվյալների մասին խոսել հնարավոր չէ, սակայն այն, որ սեռական կյանքը հայ երիտասարդության արդեն բավական մեծ հատվածի համար չի դիտվում որպես պարտադիր հետամուսնական երևույթ, զարմանալի չէ: Այլ հարց է, որ այդ հարաբերություններն այդպես էլ մնում են թաքնված ավանդական «կուսության» քողի տակ: Այնուամենայնիվ, բժիշկ սեքսապատոլոգ Նարինե Ներսիսյանը խորհուրդ է տալիս մեր անհամարձակ երիտասարդներին գոնե մտավոր կերպով շատ չմտածել այդ հարաբերությունների մասին, եթե իրական ֆոնի վրա դրա իրագործումը հնարավոր չէ, քանի որ հակառակ դեպքում, երբ աղջկա ու տղայի միջև առկա է ցանկությունը, սակայն հնարավոր չէ իրագործումը, սա կարող է բավական բացասական հետևանքներ ունենալ` մինչև անգամ արգելակում և՛ տղայի, և՛ աղջկա համար: