Դեկտեմբերի 21-ից Երևանում երթևեկող վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները պետավտոտեսուչների կողմից կանգնեցվում են և տարվում տուգանային հրապարակ: Նշենք, որ այս օրերին Հայաստան են գալիս հիմնականում ջավախահայերը ամանորյա գնումներ կատարելու համար: Այժմ մոտ 400-500 ավտոմեքենա գտնվում են երևանյան տարբեր տուգանային հրապարակներում, իսկ ավտոմեքենաների վարորդները արդեն երեք օր է` սպասում են Արարատյան մաքսատանը: Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մաքսային տեսուչները պատճառաբանում են, թե իրենք կարգ են խախտել, ինչի վերաբերյալ կազմվել են գործեր և ուղղարկվել մաքսային կոմիտե. «Զանգում ենք կոմիտե, այնտեղից էլ ասում են, թե որևէ գործ իրենց չի հասել: Կան վարորդներ, որոնց անգամ չեն տրվել իրենց ավտոմեքենան տուգանային հրապարակ տանելու վերաբերյալ կազմված ակտը և նրանք չգիտեն էլ, թե որտեղ է գտնվում իրենց մեքենան»:
Ի դեպ, վարորդները նշում են, թե իրենց մեքենաները տուգանային հրապարակ տանելը պետավտոտեսուչները պատճառաբանում են` «պռաեզդնոյ» չունենալով. «Մենք մաքսակետը շատ օրինական ձևով անցել ենք, և այստեղ ոչ ոք մեզ չի ասել նման փաստաթղթի գոյության կամ անհրաժեշտության մասին: Սա ինչ-որ հրահանգ է վերևից տրված»: