Սոցիալ-տնտեսական առումով գնահատելով 2010 թ., ԱԺ ԿԳ, մշակույթի, սպորտի և երիտասարդության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը կարծիք հայտնեց, որ տնտեսական զարգացման կանխատեսումներն ավելին էին, քան նախատեսվել էր 2010 թ. բյուջեում: Մասնավորապես, Դավթյանի բնորոշմամբ, նախնական ամրագրված 1.2 ՀՆԱ-ի աճը կրկնապատկվել է: «Բոլոր ծրագրային ծախսերը, որ նախատեսվել էին իրականացնել 2010 թ., մասնավորապես կրթական և սոցիալական ոլորտում, 100 տոկոսով իրականացվել են»:
Արտակ Դավթյանը բացասական միտում գնահատեց 2010 թ. գրանցված մակրոտնտեսական ցուցանիշները, մասնավորապես գնաճի տեմպերը: Սակայն Դավթյանի համար այս տարի գրանցված ամենավատ ցուցանիշը մեկնողների և ժամանողների բացասական սալդոն, ինչպես նաև աղքատացման ցուցանիշների խորացումն է: Գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը ևս, Արտակ Դավթյանի կարծիքով, պետք է անհանգստացնի, և 2011-ին դա պետք է օրակարգային հարց լինի:
Դավթյանի գնահատմամբ, 2010 թ. բեկումնային էր նաև վերջին պաշտոնանկությունների առումով. «Կարծում եմ, որ այս միտումը նոր որակ կապահովի: Բոլոր պաշտոնյաները պիտի հասկանան, թե որն է պաշտոնականի, մասնագիտականի և մարդկայինի սահմանները»: