Թուրքական Star թերթի փոխանցմամբ` այսօր Անկարա է ժամանում Իրանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին։ Այս մասին երեկ կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Անկարայում Իրանի դեսպան Բահման Հուսեինպուրը։
Վերջինիս խոսքերով՝ Լարիջանին թուրք պաշտոնյաների հետ ունենալիք հանդիպումներում, երկկողմանի հարաբերություններից բացի, քննարկելու է նաև Սիրիայի և Իրաքի հարցերը, ինչպես նաև Թուրքիայի կողմից Իրանի և միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային միջնորդ խումբ հանդիսացող վեցյակի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև բանակցությունների հյուրընկալումը։
Իրանի դեսպանը հավելել է, որ հունվարի 18-ին էլ Թուրքիա է ժամանելու Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իրան էր այցելել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։











































