Բրիտանացի գիտնական Ալեստեր Կլարկը բացահայտել է հումորի բանաձևը: Ինչպես հաղորդում է BBC-ն, այն ունի հետևյալ տեսքը՝ H = m X s: Այստեղ H-ը ցույց է տալիս հումորից բավարարվածության աստիճանը, m-ը՝ դրանում առկա ոչ ճիշտ տեղեկությունը, իսկ s-ը՝ ունկնդիրների՝ այն լուրջ ընդունելու կարողությունը:
Կլարկի կարծիքով՝ ծիծաղ է առաջացնում այն հումորը, որում սխալ տվյալները կամ հանգամանքները ունկնդրին ստիպում են արագ արձագանքել՝ փորձելով պարզել՝ որտեղ է սխալը:
«Հումորը մեզ օգնում է ծառերի ետևում անտառ տեսնել»,- ասում է գիտնականը:
Կլարկը նաև կարծում է, որ կատակելու կարողությունը, որը մարդու մոտ զարգանում է նրա ձևավորմանը զուգընթաց, բարդ էվոլյուցիոն մեխանիզմ է: Նրա խնդիրն է ակնթարթորեն վերլուծել տեղեկությունը՝ առանձնացնելով կեղծը ճշտից: «Հումորն իրականում ուղեղի շատ կարևոր աշխատանք է, որը կապված է վտանգի աստիճանը զգալու հետ»,- ասել է գիտնականը:










































