Ինչպես հաղորդում է իսրայելական Haaretz թերթը, ԱՄՆ-ն երբեք չի հրաժարվի մերձավորարևելյան դիվանագիտական գործընթացից, քանի որ ԱՄՆ հեռացումը Մերձավոր Արևելքից կնշանակի բռնությունների նոր սկիզբ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելքում հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելը:
Ամերիկյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Միտչելը մերժել է հայտնի հրապարակախոս Թոմ Ֆրիդմանի առաջարկը, որը ԱՄՆ-ին խորհուրդ էր տալիս լքել Մերձավոր Արևելքը և պաղեստինցիներին ու իսրայելցիներին հնարավորություն տալ՝ համտեսել խաղաղության գործընթացի տապալման հետևանքները: «Մենք չենք կարող դա անել, քանի որ մերձավորարևելյան հակամարտության կարգավորումը նաև ամերիկյան շահերից է բխում: Ես հուսահատված եմ առկա վիճակից, բայց կշարունակեմ աշխատել, քանի որ վտանգված են նաև իմ երկրի շահերը»,- ավելացրել է Միտչելը: