Իրանական ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ոստիկանապետ Իսմաիլ Ահմադի Մողադդամը հայտարարել է, որ Google-ը ոչ թե որոնման համակարգ է, այլ լրտեսական գործիք։ Նա հավելել է, որ տեղեկատվական անվտանգության համակարգը պետք է ապահովի թշնամիներից պաշտպանությունը, և այդ նպատակին կարող է ծառայել ազգային ինտերնետի գործարկումը։
Իրանի տեղեկատվության նախարար Ռեզա Թագիպուրը հայտարարել է, որ սեփական (իսլամական օրենքներին համապատասխան) ինտերնետ-ցանցը կնպաստի ծախսերի կրճատմանն ու անվտանգության բարձրացմանը։ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այդ նախագծին հատկացրել է 1 միլիարդ դոլար։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Իրանի տեղեկատվական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Փիյամ Քյարբասին հայտարարեց, որ մոտ ժամանակներս Իրանն ամբողջովին կասեցնելու է մնացյալ աշխարհի հետ ինտերնետ կապը և ստեղծելու է սեփական փակ ինտերնետ.
«Իրանում գործելու է սեփական ներքին ազգային ինտերնետ, որից կօգտվեն Իրանի քաղաքացիները։ Դրանով իսկ Իրանն ամբողջովին կհրաժարվի համաշխարհային ցանցից և ողջ աշխարհից մեկուսացած մարդկանց կառաջարկի իր ներքին ցանցը, այսպես կոչված՝ ինտերնետը։ Իրանում այդ ինտերնետի արագությունը կազմելու է 2 մգբ/վայրկյան։ Իրանական ներքին ցանցը պատրաստ կլինի և շահագործման կհանձնվի երկու շաբաթ անց»։









































