Հայաստանի աշխատաշուկայում թափուր աշխատատեղերի մեծ մասը բանվորական է, իսկ մի մասը՝ ծառայողական: «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում գրանցված թափուր աշխատատեղերը հիմնականում վաճառողների, խոհարարների, մատուցողների, հացթուխների, բժիշկների, հաշվապահների, ատաղձագործների, փականագործների, դասավանդողների, ծրագրավորողների, մենեջերների, գործակալների, առաքիչների, համակարգչային օպերատորների, համակարգչային դիզայներների, համակարգչային վերանորոգողների, ավտովերանորոգողների, վարորդների, վարսահարդարների, էլեկտրիկների, եռակցողների, ներկարարների, որմնադիրների, կարող-գործողների, վերելակավարների և այլ բանվորական մասնագիտությունների համար են:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը բանվորական մասնագիտությունների գերակշռումը բացատրեց նրանով, որ սպասարկման ոլորտը շատ արագ շրջանառվող է, հաճախակի ընդունում-ազատում են, դրա համար էլ պահանջարկն ավելի մեծ է:
Նա հայտնեց, որ գործազուրկների առաջարկը բազմակի անգամ մեծ է պահանջարկից. «Եթե ունենք 70 հզ. գործազուրկ, և 85 էլ աշխատանք փնտրող, ամսական ունենում ենք 1,000-1,500 թափուր աշխատատեղ, որոնց մի մասն էլ չի լրացվում տարբեր պատճառներով՝ ցածր աշխատավարձ, վատ աշխատանքային պայմաններ, կամ բարձր որակավորում է պահանջվում, որ մարդիկ չեն բավարարում պահանջները»:










































