Հայ ազգային կոնգրեսը ժամանակին միգուցե սխալ թույլ տվեց՝ արժևորելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը՝ ակնարկելով ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունը:
«Այստեղ մենք որոշակի խնդիր ունենք, բայց անուղղելի սխալ տեղի չի ունեցել: Դժվարությամբ, սակայն հասարակությանը կարելի է հասկացնել, որ ընդդիմությունն այն ժամանակ փորձում էր մեսիջներ ուղարկել ԲՀԿ ներսում եղած մարդկանց, որպեսզի վերջիններս հասկանան՝ ինչ խաղի մեջ են իրենք ներգրավված»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, որ եթե ԲՀԿ-ն որոշի առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին և սկսի աշխատել ընդդիմադիր ընտրազանգվածը դեպի իրեն գրավելու վրա, ինչպիսի՞ քայլեր կձեռնարկի կոնկրետ ՀԱԿ-ը, Պետրոս Մակեյանը նկատեց. «Նախ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ինքնուրույն որոշումներ չի կարող կայացնել: Միաժամանակ, ՀԱԿ-ը մտավախություն ունի, որ ԲՀԿ-ն հասարակությանը կարող է ներկայացվել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի սինդրոմով: Խոսքը հասարակությանը կրկին թյուրիմացության մեջ գցելու և ընդդիմադիր զանգվածին իր կողմը տանելու մասին է: Բայց ընդդիմության անելիքը դրանից չպետք է փոխվի, նա հասարակությանը պետք է ներկայացնի, թե որ կուսակցությունն իրենից ինչ է ներկայացնում: «Բարգավաճ Հայաստան»-ը վարչախմբի գործիքն է և ոչ թե ինքնուրույն գործող մարմին: Քաղաքական այդ ուժն ինքնուրույն գործոն չէ, և մեր հիմնական թիրախը պետք է վարչախումբը լինի»:
ՀԱԿ ներկայացուցիչը նկատեց, որ կայուն ընտրազանգված ունենալու համար մեծ նշանակություն ունի հասարակության հետ ճիշտ աշխատաոճ ընտրելը: «Չպետք է թույլ տալ, որ հասարակությանը թյուրիմացության մեջ գցեն կամ փողով ձայներ գնեն: Մեր հիմնական թիրախը պետք է լինի հասարակությունը, որովհետև ընդդիմությունն այլ՝ ֆինանսական, ընտրակեղծիքներ անելու ռեսուրսներ չունի: Դրա համար էլ պետք է փորձենք հասարակության հետ առավել ինտենսիվ աշխատանք տանել»,- ասաց Մակեյանը:











































