WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը հայտարարել է The Guardian թերթին, որ ամերիկյան բանտում իր հնարավոր սպանության վերաբերյալ մտահոգություններն այնքան էլ մտացածին չեն:
Ասանջը կարծում է, որ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են իրեն մեղադրանքներ առաջադրելու հնարավորությունը: Ըստ Ասանջի` այդ մեղադրանքները կարող են լինել լրտեսության հետ կապված, ինչը կենթադրի նրա արտահանձնումը Միացյալ Նահանգներին: Բայց միաժամանակ Ասանջը կարծում է, որ «քաղաքական առումով իր արտահանձնումն անհնար է», և վերջին խոսքը կպատկանի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին:
Հիշեցնենք նաև, որ Ասանջն այս պահին գտնվում է մեծ Բրիտանիայում և իրավունք չունի լքելու այդ երկիրը, քանի դեռ չի ավարտվել նրա նկատմամբ Շվեդիայի իրավապահների կողմից սկսված հետապնդումը, իսկ հունվար ամսին պետք է լուծվի նրան Շվեդիային արտահանձնելու հարցը: