Դեկտեմբերի վերջին Anonymous խմբի ցանցահենների կողմից Strategic Forecasting (Stratfor) վերլուծական ընկերությունից գողացած տվյալների մեջ հայտնաբերվել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դեն Քուեյլի և նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի էլեկտրոնային փոստերի հասցեներն ու գաղտնաբառերը: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian թերթը:
Ընդհանուր առմամբ, ցանցահեններին հաջողվել է կոտրել տարբեր ժամանակներում ընկերության հետ համագործակցած 50 հազար մարդու անձնական տվյալներ: Այս մասին տեղեկացրել է ամերիկյան U.S. Cyber Consequences Unit վերլուծական կազմակերպության կիբերանվտանգության մասնագետ Ջոն Բումհարները:
Նա նշել է, որ հրապարակված տվյալների մեջ կան Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության 221 աշխատակիցների և ՆԱՏՕ-ի 242 խորհրդականների էլեկտրոնային հասցեները և գաղտնաբառերը: Հաքերների հարձակումների զոհ են դարձել նաև Բրիտանիայի ԱԳՆ 45, ոստիկանության 67 աշխատակից, Միացյալ Թագավորության խորհրդարանի 23 անդամ և բրիտանական հետախուզության մի քանի աշխատակիցներ:
Փորձագետը նշել է, որ կիբերհարձակման հետևանքներն առայժմ դժվար է գնահատել:
Stratfor-ը զբաղվում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկությունների հավաքագրմամբ և վերլուծությամբ: Ընկերության հաճախորդները լինում են խոշոր կորպորացիաներ և ամերիկյան կառավարական հաստատություններ:











































