Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է նվաճել Հարավային բևեռը։ Այդ նպատակով Իրանը մտադիր է առաջիկա երեք տարիներին Անտարկտիդայում բացել մշտական գիտահետազոտական բազա։
Իրանի օվկիանոսագիտության ազգային ինստիտուտի տնօրեն Վահիդ Չեգինին հայտարարել է, որ Հարավային բևեռի հաղթահարման համար կառուցվելու են հետազոտական ու տրանսպորտային սառցահատներ, յուրացվելու են սառցաբեկորները քարշելու տեխնոլոգիաները, սառը պայմաններում աշխատելու համար ստեղծվելու է հատուկ հանդերձանք, կատարվելու են սառցե հորատումներ և այլ աշխատանքներ։
Չեգինին հավելել է, որ Անտարկտիդայում գիտական բազայի կառուցումն անցնելու է 6 հիմնական փուլ։











































