«Կապույտ Մարմարա» նավատորմի հետևանքով թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած ճգնաժամին լուծում տալու նպատակով դեկտեմբերի 4-ից Թուրքիայի և Իսրայելի միջև Ժնևում սկսված բանակցությունները շարունակվում են: Դիվանագիտական խողովակները հաղորդում են, որ դրանք որևէ արդյունքի չեն հասել: Երկու պետությունների միջև բանակցություններում ամենամեծ խնդիրը թուրքական կառավարության ներողություն խնդրելու պահանջին Նաթանյահուի կառավարության կտրուկ դեմ հանդես գալն է:
Իսկ Cumhuriyet թերթը մեջբերում է Jerusalem Post թերթում տպագրված Նաթանյահուի այն միտքը, որ եթե ինքը ներողություն խնդրի, դա կապահովի «Արդարություն և Զարգացում» կուսակցության հաղթանակը ընտրություններում, մինչդեռ եթե այդ կուսակցությունը մնա իշխանության գլուխ, թուրք-իսրայելական մերձեցումն անհնար է: Էրդողանի՝ Իրանի, Սիրիայի և Սաուդյան Արաբիայի հետ ջերմ կապերի պարագայում Իսրայելի համար տեղ չկա: Նաթանյահուի ներողությանը պետք է սպասել Թուրքիայում հունիսի ընտրություններից հետո,- գրում է թերթը: