Հարավային Կորեայի ոստիկանությունն այսօր ձերբակալել է չինացի մի տղամարդու, ով մեղադրվում է Սեուլում Ճապոնիայի դեսպանատան վրա վառելիքային պայթուցիկներ նետելու մեջ: Չինացին պնդել է, որ իր տատիկը պատերազմի ընթացքում ստիպված է եղել ենթարկվել սեռական ստրկության:
Սեուլի ոստիկանությունը հաղորդում է, որ 38-ամյա չինացին այսօր առավոտյան Ճապոնիայի դեսպանատան վրա 4 «Մոլոտովի կոկտեյլներ» է նետել, որի արդյունքում դեսպանատան արտաքին պատին այրվածքի նշաններ են հայտնվել:
AFP-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը նաև հայտնում է, որ չինացի տղամարդն անցած ամիս Հարավային Կորեա է ժամանել տուրիստական վիզայով:
Պատմաբանները հայտնում են, որ մոտավորապես 200.000 կանայք՝ Կորեայից, Չինաստանից և Ֆիլիպիններից, ստիպված են եղել աշխատել ճապոնական բանակի համար ստեղծված հասարակաց տներում:
Ճապոնիան պնդում է, որ այս խնդիրն իրավաբանորեն լուծվել է 4 տասնամյակ առաջ, բայց այժմ Հարվային Կորեայի կառավարությունը պահանջում է, որ Ճապոնիան փոխհատուցի արդեն ծեր զոհերին, քանի դեռ նրանք բոլորը չեն մահացել: