«The Special One», հենց այսպես են կոչում Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով կրկին իրեն վեր է դասել բոլորից: Հինգշաբթի օրը «Gazzetta dello Sport»-ին տված հարցազրույցում պորտուգալացին հայտարարել է, որ հենց ինքն է արժանի «տարվա լավագույն մարզիչ» մրցանակին և ոչ թե Իսպանիայի հավաքականի մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: «Մրցանակը պետք է ինձ շնորհվի. 11 ամիսների տաժանակիր աշխատանք, անցկացրած 57 հանդիպում, հաղթած 3 մրցաշար, այդ թվում` Չեմպիոնների լիգա: Ես հաղթել եմ հնարավոր ամեն ինչ»: Մոուրինյոն անդրադարձել է նաև իր նախկին սան Ուեսլի Սնեյդերին, ով ի զարմանս շատերի, չընդգրկվեց «Ոսկե գնդակ»-ի երեք հավակնորդների թվում: «Եթե «Ոսկե գնդակ»-ը ստանա Ինյեստան, ով վնասվածքի պատճառով հինգ ամիս չի խաղացել և աշխարհի առաջնության վեց հանդիպումներում մեկ գոլի հեղինակ դարձել, ապա ստացվում է, որ հաշվի է առնվում միայն աշխարհի առաջնությունում անցկացրած հանդիպումները, իսկ մնացած մրցաշրջանն անտեսվում է»: