News Georgia-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանում զոհվել է հերթական վրացի զինծառայողը։ Խոսքը կապրալ Շալվա Պայլոձեի մասին է, ով ծառայում էր Միջազգային անվտանգության աջակցության ուժերում (ISAF) ներառված 3-րդ հետևակային բրիգադի 31-րդ գումարտակում։
Շալվան զոհվել է Աֆղանստանի Հիլմենդ նահանգում թալիբների իրականացրած հարձակման ժամանակ։ Նա Աֆղանստանում զոհված թվով 12-րդ վրացի զինծառայողն է։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ ևս մեկ գումարտակ Աֆղանստան ուղարկելու նախաձեռնությունը։ Դրա արդյունքում այս տարի Աֆղանստանում գտնվող վրացի զինծառայողների քանակը կհասցվի 1600-ի, որով և Վրաստանը կհանդիսանա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում Աֆղանստանում ամենամեծ զինվորական կոնտինգենտ ունեցող երկիրը։