ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել է, որ քանի դեռ նա գերատեսչության ղեկավարն է, ռազմական բյուջեի կրճատումը երկրի պաշտպանության անկման պատճառ չի հանդիսանա, չնայած որոշ հանրապետական ներկայացուցիչներ արդեն քննադատել են պետության նոր պաշտպանական ռազմավարությունը` այն անվանելով «փամփուշտ՝ նահանջող զինվորի մեջքին»:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, Պանետան հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանությունը, անխոս, մեծ ռիսկերի է հանդիպելու ռազմական բյուջեի կրճատման պատճառով, սակայն դրանք «մահացու չեն»: Պանետայի խոսքերով, ռազմական բյուջեի կրճատումը սպասելի էր, և դրա պատճառներից մեկը ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտի նվազեցումն էր: Մեկ այլ պատճառը համաշխարհային իրադրության փոփոխությունն էր, որի պատասխանը նոր պաշտպանական ռազմավարությունն է:
Նախարարի կարծիքով՝ հանրապետականների կոմղից նոր փաստաթղթի քննադատությունը սպասելի է:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 5-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացահայտել է երկրի պաշտպանական ռազմավարության նոր շրջանակներում ռազմական բյուջեի` 500 միլիարդ դոլարով կրճատելու մանրամասները: Ռազմավարությունը գալիք տասնամյակում ենթադրում է բանակի թվի և բյուջեի կրճատում` պետության տնտեսական պոտենցիալի վերականգման համար:










































