ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի հաղորդմամբ, տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը 2011 թվականի փետրվարին ուսումնամարզական հավաք կանցկացնի Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում: Նախատեսված են ընկերական հանդիպումներ: ՀՀ տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանը տեղեկացրել է , որ հնարավոր է` թիմը հանդիպի Վրաստանի հոկեյիստների հետ: Նա նշեց նաեւ, որ Հայաստանի հոկեյի ազգային հավաքականի ամերիկահայ խաղացողները ԱՄՆ-ում հանդես են գալու տեղի համալսարանական թիմերի հետ: Հ.Ջաղացպանյանն ասաց, որ Հայստանի թիմը, լինելով հոկեյի աշխարհի առաջնության 3-րդ խմբի առաջնության մասնակից, համապատասխան հայտ հոկեյի միջազգային ֆեդերացիա (ԻԻՀՖ) դեռ չի ներկայացրել, բայց արդեն հայտնի է , որ առաջնությունը տեղի կունենա ապրիլին Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում: Նրա խոսքով` ԻԻՀՖ-ը բարդացրել է աշխարհի առաջնությունների բանաձեւը, եւ ավելի բարձր խումբ տեղափոխվելու հարցն այժմ շատ ավելի դժվար է դարձել: Հիշեցնենք, որ 2010 թվականին Երեւանում կայացած հոկեյի 3-րդ խմբի աշխարհի առաջնության մրցաշարում Հայաստանի թիմը զբաղեցրել էր 2-րդ տեղը` զիջելով Հյուսիսային Կորեայի թիմին, որն էլ դուրս եկավ ավելի բարձր՝ 2-րդ խումբ: 2011 թվականի հոկեյի 3-րդ խմբի աշխարհի առաջնության 2 լավագույն թիմերը իրավունք կստանան պայքարելու 2-րդ խումբ դուրս գալու համար: