Այսօր Ներկայացուցիչների պալատը հետաձգեց իր աշխատանքները` թողնելով Հայոց ցեղասպանության Բանաձևը որպես չավարտված հարց. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:
111-րդ Կոնգրեսի աշխատանքի վերջին օրերին, երբ բանաձևի անցկացման նոր փորձերը ակնհայտ դարձան, թուրքական լոբիինգը սկսեց դիմադրել, և Թուրքիայի վարչապետ Էրդողանը նամակ գրեց նախագահ Բարաք Օբամային` զգուշացնելով բանաձևի քվեարկության հետևանքների մասին: Նամակին հետևեց նախագահ Օբամայի հեռախոսազանգը Էրդողանին այն բանից հետո, երբ Վիքիլիքսի կողմից թուրքական իշխանության վերաբերյալ կարևոր տեղեկություններ հրապարակվեցին:
Երեկ, այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց մինչև մյուս տարվա մարտի 4-ը կառավարությանֆինանսավորման օրինագծին, Կոնգրեսի անդամներից մոտավորապես 100-ը մեկնեցին տուն Սուրբ ծնունդի տոնը նշելու` էլ ավելի նվազեցնելով քվեարկության հնարավորությունը: Միաժամանակ Թուրքիան ներազդում էր Կապիտոլիումի վրա, քանզի ամերիկյան ռազմական ընկերության հետ բանակցություններ էին ընթանում հնարավոր բազմամիլիոն արժողությամբ զենքի վաճառքի համաձայնության շուրջ:
«Մենք ողջունում ենք բանաձևը հովանավորող կոնգրեսական Ադամ Շիֆի ակտիվությունը, նաև հատկապես երախտապարտ ենք խոսնակ Նենսի Փելոսիին իր տոկուն գործունեության համար, ինչպես նաև շնորհակալ ենք Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Ստենի Հոյերին, ով Դեմոկրատների կոնգրեսական քարոզարշավի հանձնախմբի ղեկավար և Սպիտակ տունը ներկայացնող կոնգրեսական Քրիս Վան Հոլենի հետ միասին ղեկավարեց և աջակցեց ողջ գործընթացին»,- նշեց գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Կան բազմաթիվ անդամներ, որոնց չնշեցի, սակայն հիմնական աջակիցներն են Ներկայացուցիչների արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Հովարդ Բերմանը, Կոնգրեսում հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, նույն խմբի հեռացող համանախագահ Մարկ Քիրքը, թոշակի անցնող կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը, կոնգրեսականներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը, կոնգրեսական Բրեդ Շերմանը, Էդվարդ Րոյսը և ընդհանրապես ողջ Հայկական խմբի անդամները»,- հավելեց Արդունին:
«Ողջ երկրի Ամերիկայի Հայկական Համագումարի ղեկավարների և ակտիվիստվերի անունից Համագումարը երախտապարտ է ակտիվիզմի հսկայական ցուցադրման և համայնքի տոկուն ջանքերի համար, քանի որ միասին մենք մեր ձայնը լսելի դարձրեցինք Կապիտոլիումում»,- նշեց համագումարի համայնքների հետ աշխատանքների գծով տնօրեն Դանիել Քուշակջյանը:
Ուշադրությունն այժմ սևեռվում է նախագահ Օբամայի վրա, որ իրականացնի իր խոստումը դառնալ «այն առաջնորդը, ով ճշմարիտ կխոսի Հայոց Ցեղասպանության մասին և հստակորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին»: Քանի որ նախագահ Օբաման գործածել է Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, ինչպես նաև Մեծ եղեռն, այս վարչակազմը գիտակցում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելը Թուրքիայի շահերից էլ է բխում առաջ շարժվելու համար: Վարչակազմը նաև չի ցանկանում հակառակվել պատմությանն ու մարդու իրավունքներին: Ինչպես նախկին սենատոր Հիլարի Ռոդհեմ Քլինտոնն է նշել. «Մեր համայն բարոյականությունը և մեր ժողովրդի իրավունքը` հանդես գալու որպես մարդու իրավունքների պաշտպան, մեզ ստիպում է երաշխավորել, որ Հայոց ցեղասպանությունը կճանաչվի ու կհիշատակվի Կոնգրեսի և Միացյալ Նահանգների նախագահի կողմից»:
Կոնգրեսական Ադամ Շիֆը` բանաձևի «առաջամարտիկը», մտադրություն է հայտնել նորից ներկայացնել բանաձևը մյուս Կոնգրեսի ընթացքում, որը սկսվելու է 2012 թվականի հունվարի 5-ին: