Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին մեղադրանք է ներկայացվել երկրի պատմության մեջ ամենասկանդալային կոռուպցիոն գործի համար կաշառք վերցնելու համար:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, այն ժամանակ, երբ Օլմերտը զբաղեցրել է Երուսաղեմի քաղաքապետի պաշտոնը, մեկ անգամ չէ, որ կաշառք է վերցրել բնակելի տների, մասնավորապես էլիտար շենքերի շինարարության համար: Նախկին վարչապետը, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում:
Բացի Օլմերտից, մեղադրանք է ներկայացվել ևս 17 բարձրաստիճան պաշտոնյայի:
Պետք է նշել, որ Օլմերտը մեկ անգամ չէ, որ կանգնել է դատարանի առաջ կաշառակերության, անշարժ գույքի գործարքների ժամանակ չարաշահումների և բանկերի մասնավորեցման ընթացքում խարդախությունների համար: Կոռուպցիոն սկանդալների հետևանքով Օլմերտը ստիպված էր 2008 թվականին հրաժարական տալ կառավարության ղեկավարի պաշտոնից:
Սա Իսրայելում միակ դեպքը չէ, երբ մեղադրանք է ներկայացվում բարձրաստիճան պաշտոնյայի: 2011 թվականի դեկտեմբերին Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավը յոթ տարվա ազատազրկման դատապարտվեց բռնաբարության համար, չնայած նա հերքում էր իր մեղավորությունը:











































