Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Այս մասին հայտնում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի լրատվական կայքը:
Սուրբ Ծնունդը սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Այսպիսի պատարագ տարին երկու անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ-մոմ լուցանել, այսինքն` վառել: Այս օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:
Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: