Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը աջակցում է Կատարում «Թալիբան» շարժման ներկայացուցչության բացումը և ԱՄՆ-ի ջանքերը կազմակերպության հետ բանակցություններ վարելու գործում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Աֆղանստանն աջակցում է ԱՄՆ-ի և թալիբների միջև բանակցությունները, որը հանգեցնելու է Կատարում գրասենյակի ստեղծմանը»,- ասվում է Քարզայի հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ բանակցությունները կարող են Աֆղանստանը փրկել «հակամարտություններից, դավադրություններից և անմեղ մարդկանց սպանություններից»:
Հիշեցնենք, որ նախօրեին թալիբները հայտարարել էին Կատարի մայրաքաղաք Դոհայում իրենց ներկայացուցչության բացման մասին: