Այս տարի ամանորյա եթերը մշակութաբան Վարդան Ջալոյանը «գաղջ» է համարում, թեև նկատեց, որ հասարակությունը դրա վրա ուշադրություն չի դարձնում: Նրա խոսքերով՝ հիմնականում մարդիկ ամանորը իրար հետ շփվելու համար են օգտագործում: Անդրադառնալով եթերի ներկա վիճակին՝ մշակութաբանը նկատեց, որ սա ընդհանուր մի գործընթաց է, որն ավելի ու ավելի խորանում և նկատելի է դառնում։
«Ես այդ երևույթն անվանում եմ բարբարոսացում»,- ասաց մշակութաբանը՝ պարզաբանելով հասարակական հսկողության բացակայության պայմաններում անընդհատ ստանդարտները իջնում են, այսինքն՝ դերասանների փոխարեն հանդես են գալիս կոմեդիանտները, կոմեդիանտների փոխարեն՝ նրանց տեղակալները և այլն: «Այս հետընթացը, բաբարոսացումը ազդում է բոլոր տեսակի չափանիշների վրա, շատ կարևոր է, որ եթերի վրա հասարակական վերահսկողություն լինի, ո՛չ թե պետական գաղափարախոսական, այլ հասարակական»,- ավելացրեց մշակութաբանը:
Վ. Ջալոյանի խոսքով՝ հասարակական հսկողությունը պետք է նպաստի, որ անտաղանդ մարդիկ անընդհատ չերևան հեռուստատեսությամբ: «Հեռուսատեսության վրա վերահսկողությունը կամ «չինական պարիսպը» կառուցել է Ռոբերտ Քոչարյանը, և մինչև հիմա էլ այն մնում է։ Այդ պատճառով էլ անընդհատ մեր հեռուստատեսության որակն ընկնում է, մեր ֆիլմերի որակն է ընկնում, մեր ցուցահանդեսների որակն է ընկնում, երգերի տեքստերը դառնում են ավելի ու ավելի հիմար, անիմաստ, ավելի գռեհիկ»:
Հասարակական վերահսկողությունը պետք է լինի այնպես, որ տվյալ գործով զբաղվեն նրանք, ովքեր լավ են հասկանում արվեստից, կինոյից։ «Նորմալ մարդը չի ասում՝ ես մաթեմատիկա չգիտեմ, բայց թող ես լուծեմ այս խնդիրը: Հասարակական ակտիվ պետք է լինի, որը կդիմի համապատասխան ընկերություններին, օրինակ՝ «Իդեալը». որ այդքան շատ շոու բիզնեսին է ֆինանսավորում, բայց ոչ մեկը չի քննադատել այդ ընկերությանը կամ մյուս ընկերություններին, որ փող են տվել այդ հիմարությունների համար: Նաև պետք է մեծ տարբերություն դրվի՝ ով է ասում և ինչպես է ասում»,- եզրափակեց մշակութաբանը:










































