Ֆրանսիայի աշխատանքի և առողջապահության նախարար Նադին Մորանոն պահանջում է Սոցիալիստական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ֆրանսուա Օլլանդին հրապարակավ ներողություն խնդրել Նիկոլա Սարկոզիին կեղտոտ տղա անվանելու համար:
Parisien թերթի հաղորդմամբ` Օլլանդը լրագրողների հետ զրույցում Սարկոզիին անվանել է ձախողող նախագահ, կեղտոտ տղա, որը թաքնվում է ղեկավարող «Ազգային շարժման միություն» (UMP) կուսակցության ետևում:
«Ինչ վերաբերում է Ֆրանսուա Օլլանդի հայտարարություններին, որը ձախողել է իր (նախագահական) քարոզարշավը այն ժամանակ, երբ նախագահին անվանել է «կեղտոտ տղա», ես պահանջում եմ, որ նա հրապարակավ ներողություն խնդրի պետության ղեկավարից: Նա նախագահի արժանի թեկնածու չէ»,- ասել է Մորանոն Ֆրանսիայի նախարարների խորհրդի նիստի ավարտից հետո:
Նրա խոսքերով` այն վիրավորական է ոչ միայն նախագահի, այլ նաև երկրի քաղաքացիների համար:
«Ես կոչ եմ անում Մարտին Օբրիին` Սոցիալիստական կուսակցությայն առաջին քարտուղարին, առաջ քաշել Օլլանդի` նախագահի թեկնածու դնելու հարցը»,- հավելել է նախարարը:
Ինչպես հայտնել է նախարարը, ինքը` Սարկոզին, հիշեցրել է, որ նախընտրական արշավները պետք է հիմնվեն փաստարկների և գաղափարների, ոչ թե վիրավորանքների վրա: