ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը չի կարելի բացառել, սակայն իրադարձությունների նմանօրինակ զարգացումը քիչ հավանական է. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:
«Թեպետ անսպասելի քայլերի օրինակները քիչ չեն, սակայն Իրանին հարվածելու հավանականությունը շատ փոքր է: Հաշվի առնելով այդ երկրի՝ արագ տեմպերով զարգացումը՝ Իրանի վրա հարձակվելն այնքան էլ հեշտ չի լինի: Այդ երկրի վրա հարձակումը տարածաշրջանի գերտերությունների շահերի բախում կնշանակի, ինչը խոսում է այն մասին, որ, օրինակ, աշխարհի այլ գերտերություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում չեզոք դիրք չեն գրավի»,- նկատեց Մհեր Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին ամերիկյան «Ջոն Սթեննիս» ավիակիրն իր ուղեկցող ռազմանավերի հետ հայտնվել էր Հորմուզի նեղուցում, ուր Իրանը դեկտեմբերի 24-ից անցկացնում էր իր տասնօրյա «Վելայաթ 90» ռազմածովային զորավարժությունները։ Ավելի վաղ Իրանը սպառնացել էր փակել Հորմուզի նեղուցը, սակայն ներկայումս հայտարարում է, որ չի պատրաստվում նման կերպ վարվել։











































