Հարավային Օսիայի ղեկավարությունը հուսով է, որ Մինսկը մոտ ապագայում կճանաչի հանրապետության անկախությունը,- РИА Новости-ի փոխանցմամբ` Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին: Նա ասել է, որ նորմալ հարաբերություններ ունեն Բելառուսի հետ՝ ընդգծելով, որ հանրապետության ղեկավարությունը մտադիր չէ կտրուկ արագացնել Հարավային Օսիայի ճանաչման գործընթացը, այդ թվում՝ այլ երկրների կողմից: Կոկոյտիի խոսքով՝ այդ ուղղությամբ հանգիստ ու նպատակասլաց աշխատանք է կատարվում Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի մի ամբողջ շարք պետությունների հետ:
Հարավային Օսիայի նախագահը հավաստել է, որ մի շարք երկրներ, որոնք գործնականում պատրաստ են ճանաչել հանրապետության անկախությունը, ԱՄՆ-ի և արևմտյան երկրների ճնշման ներքո հարկադրված են ձեռնպահ մնալ այդ քայլից: