Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել Լիբանանում: Նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով ստեղծված ռազմական տրիբունալը, որը գործում էր ՄԱԿ-ի հովանու ներքո, դադարեցրել է իր աշխատանքները Լիբանանում: Այս մասին համաձայնության են եկել երկրի գործող վարչապետ Սաադ Հարիրին և «Հիզբոլլահ» կազմակերպության ղեկավար Հասան Նասրալահը: Տրիբունալի աշխատանքները դադարեցվել են Սիրիայի և Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ ներկայացված փաստաթղթի շրջանակներում: Սաադ Հարիրին, ըստ լիբանանյան մամուլի, իր մերձավորներին ասել է, որ ստեղծված լարված իրավիճակից դուրս գալու համար ինքը համաձայնել է դադարեցնել հոր սպանության քննությունը և հանձնաժողովի եզրակացության հրապարակումը:
Միաժամանակ Հարիրին նշել է, որ չի դիմելու ՄԱԿ-ին այդ տրիբունալի աշխատանքներն ընդհանրապես դադարեցնելու համար` ասելով, որ «առանց այն էլ շատ զիջումների է գնացել»:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Լիբանանը կրկին կանգնել է քաղաքացիական պատերազմի շեմին: Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով ստեղծված ռազմական տրիբունալը, տարբեր տվյալներով, հայտնաբերել էր, որ «Հիզբոլլահն» է եղել այդ սպանության կազմակերպիչը, իսկ Սիրիան նրան աջակցել է այդ հարցում: «Հիզբոլլահն» ամեն կերպ փորձել է դադարեցնել այդ տրիբունալի աշխատանքները:
Ռաֆիկ Հարիրիի որդին էլ ստիպված զիջումների է գնացել այս հարցում` երկրում խաղաղություն ապահովելու համար: