Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, համոզված է, որ 2008-ի սպանությունները չեն բացահայտվի, քանի դեռ երկրում իշխանափոխություն չի իրականացվել: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Մարտի 1-ի սպանությունները չեն բացահայտվի ոչ 2012-ին, ոչ էլ 2013-ին: Եթե Հայաստանում իշխանափոխություն չիրականացվի, ոչ մի բան էլ չի բացահայտվի, դա փաստ է: Բայց եթե գնանք արդար և թափանցիկ ընտրությունների, իշխանափոխությունն անխուսափելի կդառնա, հետևաբար կբացահայտվեն ինչպես Մարտի 1-ի, այնպես էլ հոկտեմբերի 27-ի գործերը»,- նկատեց Սարգիս Քլոյանը՝ հավելելով, որ ամիսներ առաջ հնչած Սերժ Սարգսյանի հորդորը՝ ավելի մեծ թափ հաղորդել 2008-ի սպանությունների բացահայտման գործին, ընդամենը իմիտացիա էր:
Գոռ Քլոյանի հայրը նաև նշեց, որ ինքը համոզված չէ, թե 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ կտանի Սերժ Սարգսյանը: «Ես դրան չեմ հավատում, կարծում եմ՝ ընտրություններից հետո իշխանության կգան նոր ուժեր, որոնք էլ իրենց հետ արդարություն ու ճշմարտություն կբերեն»,- հույս հայտնեց նա:









































