Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, չորեքշաբթի օրը Թբիլիսիի Կինոյի տանը տեղի է ունեցել նոր հասարակական կազմակերպության՝ Դիմադրության համաժողովրդական շարժման շնորհանդեսը, որը, ըստ հիմնադիրների, ընդդիմադիր է իշխող ռեժիմին:
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է նոր ընդդիմադիր կազմակերպության գործողությունների ծրագիրը, և ընդունվել է հռչակագիր, որին միացել են ներկա գտնվողներից ցանկացողները:
Հռչակագրում նշվում է, որ Վրաստանում գոյություն ունեցող քաղաքական ուժերի մեծամասնությունը սպառել է իր հնարավորությունները և կորցրել ժողովրդի վստահությունը, ուստի ժողովուրդն ինքը պետք է ստանձնի երկրի ապագայի համար պատասխանատվությունը և փոխի ռեժիմը:
«Վրաստանում հաստատվել է ավտորիտար և հանցավոր ռեժիմ, որը միտումնավոր պայքարում է Վրաստանի ազգային շահերի դեմ՝ ժողովրդին հնարավորություն չտալով դրսևորելու իր կամքը»,-նշվում է հռչակագրում: Ինչպես նշել է լրագրողների «Օբյեկտիվ» միության հիմնադիրներից մեկը՝ Դավիթ Թարխան-Մոուրավին, գործող ռեժիմի դեմ պայքարը հեշտ չի լինելու, բայց հնարավոր է հասնել ցանկալի արդյունքին: «Մեր շարժումը հասարակությանը կառաջարկի պայքարի նոր մեթոդներ, որոնք կտարբերվեն լուծումների պարզությամբ և հնարավորություն կտան հնարավորինս արագ փոխարինել ներկայիս իշխանությանը»,- վստահեցրել է Թարխան-Մոուրավին: