Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, 2011-ին ազգային ամենամեծ ձեռքբերումը կեսկատակ-կեսլուրջ իր «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» ձայնասկավառակի հրատարակումն է համարում:
«Բոլոր բնագավառներում խոսել ձեռքբերումների մասին ,պարզապես ամոթալի է և անկիրթ կլինի լայն իմաստով, որովհետև այսպիսի բարդ սոցիալական վիճակ նույնիսկ պատերազմի տարիներին չի եղել, ի նկատի ունեմ ժողովրդի հուսահատությունը, հուսալքությունը»,-նշեց կոմպոզիտորը` ավելացնելով, որ հիմա տեղահանություն է կատարվում, գնում են նրանք, ովքեր առավել ակտիվ են, և իրավիճակը շտկելու ելքը գտնում են` երկրից դուրս գալով, այնինչ մեծամասնությունը, Վահան Արծրունու խոսքերով, մնում է երկրում և ապրում է մեծ ցավ, տառապանք ու վիշտ, որովհետև նոր տարին այդ տրամադրությամբ չպետք է ընկալվի: «Համընդհուր կառավարական ցինիզմ է, երբ յուրաքանչյուր օր միացնում ես հեռուստացույցը և ականատես լինում ինչպես Սովետական Միության տարիներին, երբ դու նվաճումների մասին էիր խոսում, իսկ ժողովուրդը սովից կոտորվում էր, իրավիճակին, որը և’ զավեշտալի է, և’ սարսափելի վիրավորական է, կարծես ժողովրդի վրա թքեն», -ավելացրեց Վահան Արծրունին:
Հարցին`2012-ը լինելու է ընտրությունների տարի և հնարավո՞ր է ընտրությունների միջոցով փոփոխություն ակնկալել, Վահան Արծրունին նկատեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ մենք անցել ենք այն էտապը, երբ ակնկալել արդար և նորմալ ընտրություններ մի քիչ դժվար է, որովհետև ծայրահեղ վիճակում գտնվող հանրությունը ծայրահեղ քայլերի է դիմում:
«Համենյան դեպս մեր ազգի պարագայում այդպես է եղել միշտ, ինձ թվում է ներքին իրարամերժ հակասությունների տարի է լինելու, ներքին բախումների, որովհետև ոչ մի բանական և տրամաբանական ելք այս իրավիճակի մեջ չեմ գտնում»,-ամփոփեց կոմպոզիտորը:










































