Մինչդեռ այլ երկրների առաջնություններում դադար է, Անգլիայի Պրեմիեր Լիգայում ընթանում է Boxing days-ը:
19-րդ տուրի շրջանակներում «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Նյուքասլ»-ին: 25-րդ րոպեին տանտերերի դանիացի կենտրոնական պաշտպան Դանիել Ագգերը դարձավ ինքնագոլի հեղինակ` հաշվի մեջ առաջ մղելով հյուրերին: 5 րոպե անց աչքի ընկավ «Լիվերպուլ» վերադարձած Քրեյգ Բելլամին: Նույն Բելլամին 67-րդ րոպեին իր հաշվին ձևակերպեց դուբլ` փոխանցում ստանալով Ագգերից:
Իսկ խաղի վերջակետը դրեց թիմի ավագն ու անխոս առաջատարը` Սթիվեն Ջերրարդը: Վնասվածքից ապաքինված Ջերրարդը 59-րդ րոպեին փոխարինեց Չարլի Ադամին, իսկ 78-րդ րոպեին, փոխանցում ստանալով Ջորդան Հենդերսոնից, սուր անկյունից գրավեց Թիմ Քրյուլի պաշտպանած դարպասը:
Խաղն անցավ տանտերերի հսկայական առավելությամբ, իսկ Ալան Պարդյուի սաները գրեթե ոչնչով աչքի չընկան: Բացի Ագգերի ինքնագոլից «Լիվերպուլ»-ի դարպասի մոտ ամբողջ հանդիպման ընթացքում ստեղծվեց մեկ լուրջ վտանգ, երբ Դեմբա Բայի` բարդ դիրքից կատարած գերազանց հարվածից հետո էլ ավելի գերազանց խաղաց Մարտին Շկրտելը` անհավանական սահանկումով գնդակը հանելով դատարկ դարպասից:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլ»-ը վաստակեց 34 միավոր և 4-5-րդ տեղը կիսում է «Չելսի»-ի հետ, իսկ «Նյուքասլ»-ը 30 միավորով հանգրվանել է 7-րդ հորիզոնականում:









































