Ինչպես հայտնում է unian.net կայքը, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սկսվել են «Փարաջանով» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:
Ֆիլմի ռեժիսորն է ուկրաինուհի Ելենա Ֆետիսովան, որը հայտնել է, թե այն նկարահանվելու է Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Վրաստանում և Հայաստանում և նվիրված է լինելու Փարաջանովի 90-ամյակին:
Ֆիլմը կներկայացնի մեծ կինոռեժիսորի կյանքը: Նրա խոսքով, հենց այդ պատճառով էլ նկարահանումները տեղի կունենան այն երկրներում, որոնց հետ կապված է Փարաջանովի կյանքը:
Գլխավոր դերն այս ֆիլմում խաղալու է Սերժ Ավետիկյանը, ով վերջերս Կանի կինոփառատոնում ստացել է «Ոսկե արմավ» մրցանակը: Իսկ այս դերասանի ընտրության հարցում Ֆետիսովային օգնել է ուկրաինահայ ռեժիսոր Ռոման Բալայանը, որն այս նախագծի գեղարվեստական ղեկավարն է: Բալայանը հայտնել է, որ ինքը չի ցանկացել անձամբ դառնալ ֆիլմի ռեժիսոր, քանի որ անձամբ ճանաչել է Փարաջանովին, ինչը թույլ չէր տա իրեն վերացարկվել իրողությունից և նկարահանել այն:
Ավետիկյանն ինքն էլ է նշել, որ անձամբ ճանաչել է Փարաջանովին, ով «իրեն մոտ է ոգով»: