Արգենտինայի հարավում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վնասվածքներ է ստացել 20 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում անելով տեղի իշխանություններին:
Բողոքի ցույցերը բռնկվել են Սանտա Քրուզի մարզկենտրոն Ռիո Գալեգոս քաղաքում:
Պետական հաստատությունների աշխատակիցները հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ` իրենց դժգոհություններն արտահայտելով տնտեսական հակաճգնաժամային արտակարգ միջոցների օրենքի նախագծի ընդունման դեմ, որով նախատեսվում է պետական ծառայողների եկամուտների կրճատում և թոշակային տարիքի բարձրացում:
Ցուցարարաներին ցրելու համար իրավապահ մարմինները կիրառել են արցունաքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Իր հերթին ցուցարարների մի խումբ այրել է ոստիկանական մեքենա: Խորհրդարանի նիստը հետաձգվել է: Որոշ պատգամավորներ ստիպված էին խորհրդարանի շենքը լքել ոստիկանների ուղեկցությամբ:
Սրա հետ կապված՝ Արգենտինայի նախագահ Քրիստինա դե Քիրշները հետաձգել է իր այցելությունը Ռիո Գալեգոս. այստեղ գտնվում է նրա ընտանեկան առաձնատունը, որտեղ նա անցկացնում է իր ազատ ժամանակն ու արձակուրդները:











































