Մենք մեր սխալները սովոր ենք բարդել այլոց վրա։ Եթե չբարդենք՝ արդյունքի կհասնենք: Եթե ամեն մեկս զբաղվի իր գործով, ոչ թե ուրիշների, այս երկրում ամեն ինչ կստացվի: Այդ դեպքում միայն մեր երկիրը տասը քայլ առաջ կշարժվի դեպի լուսավոր օրեր. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց դերասան Հրանտ Թոխատյանը:
Նրա խոսքով` դրա համար երկրում ստեղծված են բոլոր պայմանները, սակայն ոչինչ չի ստացվում:
Այն հարցին` ովքե՞ր են մեղավոր, կամ ի՞նչն է մեղավոր ստեղծված վիճակի համար, վերջինս պատասխանեց, որ ոչ ոք էլ մեղավոր չէ, այլ մեղավոր ենք բոլորս` «ես, դու, բոլորս»:
Դերասանի համոզմամբ` մեղավորներին մեր մեջ պետք է փնտրել: Շատ հեշտ է ասել` մեղավոր է կառավարությունը, Ազգային ժողովը. պատգամավորները, քարտաշը, ոստիկանները…
«Դա ամենահեշտն է: Բայց մեզանից ոչ ոք իրեն չի մեղադրում: Մարդիկ ասում են` բա ես ի՞նչ կարող եմ անել: Բայց երկիրը մենք ենք, ո՞ւմ ենք մեղադրում: Ունենք այն, ինչ բոլորս միասին այս մի քանի միլիոնով կառուցում ենք»,- նշեց Հ. Թոխատյանը:
Նա առաջարկեց քարը փեշից թափել, գոնե մի անգամ նստել, իրար հետ զրուցել։ Ոչինչ, որ կնեղանանք, բայց կարևորն այն կլինի, որ հետո կկարողանանք իրար աչքերի մեջ նայել ու արարել:
Լուսանկարը՝ Bravo.am-ի











































